Վարկային տոկոսի մասնակի սուբսիդավորում
ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագրի նպատակն է խթանել համայնքներում փոքր և միջին ձեռնարկությունների վարկային ներդրումների ծավալը` վարկառուների համար վարկավորման գնի նվազման միջոցների նկատմամբ պահանջարկի բարձրացման միջոցով:
Ծրագրի մշակման ժամանակ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում բանկերի կողմից տրվող վարկերի տոկոսադրույքը բավականին բարձր է, ինչը խոչընդոտ է հանդիսանում վերոնշյալ բնակավայրերի տնտեսական զարգացման համար:
Վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը հնարավորություն կտա ՓՄՁ սուբյեկտներին առավել մատչելի պայմաններով օգտվել վարկային ծառայություններից, ինչն իր հերթին կհանգեցնի այդ բնակավայրերում տնտեսական ակտիվություն բարձրացմանը:
Սուբսիդավորման ենթակա վարկի փաստացի տարեկան տոկոսադրույքի չափը սահմանվել է 10 տոկոսային կետ (հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ), որը սակայն չի կարող գերազանցել տարեկան 500 000 դրամը:
ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող վարկային տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման ծրագիրն իրականացվում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ՀՀ Կառավարության 14.07.05թ. ՙՀեռավոր, սահմանամերձ, բարձրալեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանելու մասին՚ թիվ 1017-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերում:

