Սևանում ընտրվել են սկսնակների դասընթացի նոր խմբի մասնակիցները
Սևանում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը: Ավելի քան 50 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրեց 36 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող ...
Սևանում ընտրվել են սկսնակների դասընթացի նոր խմբի մասնակիցները
Սևանում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը: Ավելի քան 50 դիմորդներից ընտրական հանձնաժողովն ընտրեց 36 մասնակիցների: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրին: 
 
Ծրագիրն իրականացնում  են ՄԱԱԶԿ-ի (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Այն նպատակ ունի աջակցել ՀՀ մարզերում բնակվող 18-35 տարեկան ձեռներեցներին` սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում: Այդպիսով կնվազի երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը և Հայաստանում հիմք կդրվի կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը:
 
Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշն  իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթ են հատկապես  արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները:    
 
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացի և մշակում գործարար ծրագրեր: Այդ ծրագրերից առավել իրատեսականները կարող են հավակնել ֆինանսական աջակցության` մատչելի վարկերի տեսքով: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում սկսնակը ստանում է խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: