2016թ.-ին մեկնարկել է 2...
2017 թ. փետրվարի 9-ին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի դահլիճում կայացած տարեկան ասուլիսի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ամփոփեց 2016թ. աշխատանքը:  Ըստ ...
2016թ.-ին մեկնարկել է 2 նոր միջազգային ծրագիր, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը
2017 թ. փետրվարի 9-ին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի դահլիճում կայացած տարեկան ասուլիսի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ամփոփեց 2016թ. աշխատանքը:  Ըստ Մնացականյանի` ՓՄՁ պետական աջակցության 2016թ. ծրագրի շրջանակում ՀՀ 2016թ. պետական բյուջեից հատկացվել է  143 մլն ՀՀ դրամ: Բոլոր իրականացվող ծրագրերում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային կազմակերպությունները: 
 
«Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցության, ոլորտային աջակցության, գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության, տեղական տնտեսական զարգացման ուղղություններով մոտ 4300 ձեռնարկության տրամադրել է շուրջ 8900 աջակցություն: Աջակցության 96%-ի հասցեատերերը մարզերի գործող և սկսնակ ՓՄՁ-ներն են»,-նշեց Մնացականյանը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի վարկային երաշխավորությունների ծրագրով ֆինանսական աջակցություն է ստացել 18 գործող և սկսնակ ՓՄՁ: ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» 10 ծրագրի շրջանակներում իրականացված գործարարությամբ զբաղվելու անվճար դասընթացներին և խորհրդատվություններին մասնակցել է 152 սկսնակ գործարար: Ստեղծվել է 22 նոր ձեռնարկություն:
 
Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում 5 համայնքային փնջերում (կլաստերներ) վերլուծվել են 19 գյուղական համայնքների մրցակցային առավելությունները և բացահայտվել է 82 համայնքային տնտեսական զարգացման նախաձեռնություն, որոնք իրականացել են «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակում: Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի «Փոքր ենթակառուցվածքների զարգացում» բաղադրիչի շրջանակում 2016թ. ընթացքում ավարտվել են 8 ենթակառուցվածքային ծրագրեր, ինչի շնորհիվ հիմնվել են նոր այգիներ, ոռոգելի են դարձել  անջրդի հողեր: Կոտայքի մարզի Բջնի համայնքում կառուցվել է ոռոգման նոր խողովակաշար, Տավուշի մարզի Զորական համայնքում ստեղծվել է ոռոգման համակարգ, Լոռու մարզի Կուրթան համայնքում կառուցվել է հացահատիկի զտման կայան, Տավուշի մարզի Ենոքավան համայնքում ավարտվել է տուրիզմի զարգացման ինֆորմացիոն կենտրոնի շինարարությունը: Սոխի, արևածաղկի և եգիպտացորենի ցանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով ճշգրիտ ցանքի սերմնացան է տրամադրվել Զորական և Բագրատաշեն համայնքներին: Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հիմնվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն:  11 սկսնակ ՓՄՁ-ների չրանոցների, ջերմոցների և սառնարանային տնտեսությունների հիմնման նպատակով տրամադրվել են դրամաշնորհներ` սարքավորումների և նյութերի տեսքով: «Գյուղատնտեսության զարգացման նպատակով իրականացվող գյուղ. տեխնիկայի ներկրման և տրամադրման ծրագրի շրջանակում, 2016թ.-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ներմուծել և պատվիրատու համայնքներին տրամադրվել է 5 միավոր գյուղտեխնիկա»,-շեշտեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը: 
 
«Անցնող տարում ընդլայնվել է համագործակցությունը միջազգային  կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: Շարունակվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի իրականացումը, սկսվել է «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ծրագրի 2-րդ փուլը, «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության համատեղ ծրագիրը»,- տեղեկացրեց Լևոն Մնացականյանը: Նա նշեց, որ Ռուսաստանի, Բելառուսի ՓՄՁ ոլորտի աջակցության կազմակերպությունների հետ ստորագրված գործակցության հուշագրերի շնորհիվ շուտով ԵԱՏՄ անդամ այդ երկրների և Հայաստանի միջև տեղի կունենա  ՓՄՁ աջակցության լավագույն փորձի փոխանակում: Հատկապես կարևոր է ՌԴ-ում մեկնարկած «Բիզնես նավիգատոր» ծրագրի տեղայնացումը:
 
Տարեվերջին ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը ստորագրեց ԵՄ կողմից 1 միլիոն 123 հազար եվրո դրամաշնորհի պայմանագիրը: Պայմանագիրը ստորագրեցին նաև Հայաստանի  տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Հայաստանում  ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Պետական համաֆինանսավորմամբ  ծրագիրն իրականացվելու է Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում:  Մեկնարկած ծրագրի նպատակն է այդ մարզերում խթանել ձեռնարկատիրությունը, զբաղվածությունը և զարգացնել ենթակառուցվածքները: 
 
2016թ. հունիսի 29-ին Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2016թ. մրցանակաբաշխությունը: Վարչապետի անունից Երևանի և մարզերի 12 կին գործարարի մրցանակներ է հանձնել ՀՀ փոխվարչապետը: 2012թ.-ից անցկացվող մրցանակաբաշխության ընթացքում առաջին անգամ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենը հանձնել է հատուկ մրցանակ` Արցախից ընտրված 2 կին գործարարի: Մրցանակներ են հանձնել նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները: 2015 թ. հոկտեմբերից մեկնարկած «ՓՄՁ սուբյեկտների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման արժեքի փոխհատուցման ծրագրի» շրջանակում 2016թ. ընթացքում սուբսիդավորվել է 472 ՓՄՁ-ների ՀԴՄ-ի արժեքը: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, Համաշխարհային բանկի խումբ հանդիսացող Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի հետ համատեղ, 2016թ. ընթացքում 438 ՓՄՁ-ի համար մարզերում անցկացրել է 10 իրազեկում-խորհրդատվություն` հարկային օրենսդրությանն առնչվող հարցերի և տեսչական ստուգումների վերաբերյալ: 
 
«2017 թվականի ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը շարունակաբար կընդլայնվեն և կհամալրվեն աջակցության նոր գործիքներով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից նախանշված տնտեսական զարգացման առաջնահերթությունները»- եզրափակեց հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը: