Սննդի անվտանգության դասընթացներ մարզերի արտադրողների համար
Սննդի վերամշակման և անվտանգության խորհրդատու Քլիֆ Վենրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դահլիճում Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից ժամանած 5 ՓՄՁ ներկայացուցիչների համար անցկացրեց սննդի վերամշակման, արտադրության անվտանգության միջազգային ստանդարտների (HACCP) ...
Սննդի անվտանգության դասընթացներ մարզերի արտադրողների համար
Սննդի վերամշակման և անվտանգության խորհրդատու Քլիֆ Վենրը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի դահլիճում Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերից ժամանած 5 ՓՄՁ ներկայացուցիչների համար անցկացրեց սննդի վերամշակման, արտադրության անվտանգության միջազգային ստանդարտների (HACCP) հատուկ դասընթաց: Ամերիկացի մասնագետի պրակտիկ օրինակների միջոցով պանրի, չրի և մսամթերքի  արտադրությամբ զբաղվող մասնակից ՓՄՁ-ների ներկայացուցիչները ծանոթացան, թե որքան կարևոր է արտադրության մեջ մաքրության և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումը: Վենրն արտադրողներին ներկայացրեց սննդի անվտանգության միջազգային նորմերը և կանոնները: «Արտասահման արտահանելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջազգային կանոնները: Դուք արտադրում եք մարդկանց համար և պետք է վստահ լինեք, որ ձեր արտադրանքը վնաս չի հասցնի սպառողի առողջությանը»,- ասաց փորձագետը: 
 
Դասընթացին նախորդող 4 օրերին Քլիֆ Վենրն այցելել է մասնակից 

ձեռնարկությունների արտադրամասեր, որտեղ
 նաև կատարել է ուսումնասիրություն և տեղում մատուցել գործնական 
խորհրդատվություն: Դասընթացի ընթացքում Քլիֆ Վենրը ներկայացրեց իր դիտարկումները` յուրաքանչյուր արտադրողի համար և փոխանցեց սննդի անվտանգությանը վերաբերող իր հանձնարարականները: 
 
Դասընթացի մասնակիցների հետ հանդիպեց և սննդի անվտանգության ապահովման համար նախատեսված մաքրող և ախտահանող միջոցները ներկայացրեց նաև Սոֆադ ընկերության ներկայացուցիչը: 
 
Քլիֆ Վենրը Հայաստան է ժամանել «Ֆերմերից` ֆերմերին» ("Farmer-to-Farmer" (FtF)) ծրագրի աջակցությամբ` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի՝ ոլորտային աջակցության բաղադրիչի շրջանակում: Ծրագրի առաջնահերթություններից մեկն է նպաստել չրերի, պանրի, գինու արտադրության և ջերմոցային տնտեսությունների զարգացմանը Հայաստանում: