Գործնական հանդիպումներ, ծառատունկ, և...
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի գլխավորած աշխատանքային պատվիրակությունն Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում  ներկայացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության ...
Գործնական հանդիպումներ, ծառատունկ, և ճանաչողական այց. ՓՄՁ ԶԱԿ-ն Արցախում էր
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի գլխավորած աշխատանքային պատվիրակությունն Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում  ներկայացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները, ՓՄՁ-ներին տրամադրվող աջակցության հիմնական գործիքները: Արտակ Միրզոյանը պատմեց Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունների` ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի, հիփոթեքային վարկավորման պետական աջակցության ծրագրի և հիփոթեքային փոխառություններ գյուղաբնակ քաղաքացիներին ծրագրի մասին: Քննարկվեցին հնարավոր փոխգործակցության ուղիների մասին: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակազմը մայիսյան տոներին ընդառաջ Արցախում 150-ից ավելի ծառ տնկեց: Բնապահպանական միջոցառումն Արցախի բնության զարգացմանը նպաստելուց բացի ուներ նաև հայրենասիրական նպատակ: «Ծառատունկ անելով, հուսով եմ, մեր կոլեկտիվից շատերն ավելի կկապվեն Արցախի հետ և ավելի հաճախ կգան՝ իրենց իսկ տնկած ծառերը ջրելու»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:  
 
Ասկերանի Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից այգում տնկված արքայանարնջի ծառերն առաջին բերքը կտան 4-5 տարի հետո: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ոգևորությամբ վստահեցրին, որ յուրաքանչյուր հնարավորության դեպքում կայցելեն և կխնամեն ծառերը:  Ծառատունկից հետո Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն Ասկերանի շրջանի վարչակազմին նվիրեց նստարաններ, որոնք տեղադրվեցին վարչակազմի շենքի դիմաց:
 
Ճանաչողական այցի շրջանակում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները եղան նաև Արցախի Տիգրանակերտում, այցելեցին տեղի թանգարան, ծանոթացան պեղումների պատմությանը և ներկայացված հնագիտական նմուշներին: ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցներն Շուշիի առաջնորդանիստ Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցող տաճարում մասնակցեցին Սբ. Պատարագին: Այնուհետև պատվիրակությունն ուղևորվեց դեպի Գանձասարի վանական համալիր, որտեղ տեղի հոգևորական տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ներկայացրեց վանական համալիրի պատմությունը և տեղեկացրեց, որ այն հուլիսին տոնելու է օծման 777-ամյակը: Այցի ավարտին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին ժենգյալով հացի պատրաստման ծեսին, մի քանի աշխատակից էլ անձամբ փորձեց պատրաստել արցախյան ավանդական ճաշատեսակը: