հայ

Պանրագործության ոլորտը Հայաստաում․ ամփոփ ակնարկ

Արտադրություն

Հայաստանում պանրի արտադրության ոլորտը մասնատված է մեծ թվով արտադրողների միջև, իսկ արտադրության ծավալը հիմնականում գրանցել է կայուն ցուցանիշներ 2012-2017թթ. ընթացքում:

Հայաստանում ավանդաբար պանիրը սննդակարգի կարևոր մաս է եղել: Հայաստանի՝ արոտավայրերով հարուստ լեռնային լանդշաֆտը բարենպաստ է կաթի և պանրի արտադրության համար, իսկ վերջինս Հայաստանի գյուղատնտեսության ավանդական հատվածներից է:

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանին էր պատկանում Խորհրդային Միության դեղին և կապույտ պանրի տեսակների արտադրության զգալի մասը: Սակայն, 1988թ. երկրաշարժից և Խորհրդային Միության փլուզումից հետո, արտադրությունը զգալիորեն նվազել է (շուրջ 95%), իսկ խոշոր արտադրությունների մեծ մասը՝ փակվել:

Վերջին տարիներին պանրի արտադրության հրապարակված պաշտոնական տվյալները փաստում են Հայաստանում պանրի կայուն արտադրության մասին՝ 18-23 հազ. տոննայի միջակայքում: Հայաստանում պանրի զգալի մասն արտադրվում է գյուղական բնակավայրերում անհատական տնային տնտեսությունների կողմից: Այս արտադրությունը հաճախ պաշտոնապես չի գրանցվում:

Գծապատկեր 3. Պանրի արտադրությունը Հայաստանում (պաշտոնապես հրապարակված տվյալներ), հազար տոննա


Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ Հայաստանում կաթի վերամշակման ոլորտում գործող 81 ձեռնարկություններից (սա Հայաստանում գործող արտադրողների ամբողջական թիվը չի, սակայն այդ ձեռնարկությունները ապահովում են արտադրանքի թողարկման 95%-ից ավելին) 50–ը իրականացնում են պանրի արտադրություն։ Համեմատաբար խոշոր արտադրողներից են «Իգիթ», «Աշտարակ-Կաթ», «Դուստր Մելանյա», «Մարիաննա», «Արզնի», «Անի պրոդուկտ», «Կալինինո», «Էկոկաթ», «Էլոլա» և «Գոլդեն Գոութ» ընկերությունները: Խոշոր արտադրողների մեծ մասը արտադրական գործընթացում ներդրել է ժամանակակից և առաջատար արտադրական տեխնոլոգիաներ, համապատասխան համակարգեր և սարքավորումներ։ Փոքր արտադրողների մի մասն ունի լուրջ արտադրական վերազինման կարիք՝ արտադրողականությունը, արտադրանքի որակը և մրցունակությունը բարձրացնելու համար:

Ըստ Համաշխարհային բանկի «Պանրի արտադրությունը և արտահանման մատակարարման շղթան» հաշվետվության (2017թ) Հայաստանում արտադրվում է շուրջ 25 տեսակ պանիր: Սա ներառում է պանրի բոլոր կատեգորիաները՝ փափուկ, կիսափափուկ, կոշտ և այլն: Հայաստանում արտադրվում են ավանդաբար տեղական ընկալվող (օրինակ՝ լոռի, չանախ, տաշիր, չեչիլ և այլն) և արտասահմանյան (օրինակ՝ ֆետա, մոցարելլա, էդամ, գաուդա և այլն) պանրի տեսակներ: Հիմնական ավանդական տեսակները, ինչպիսիք են՝ լոռին ու չանախը, արտադրվում են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում:

Սպառում

Պանրի սպառման մակարդակը Հայաստանում բավական ցածր է՝ Արևելյան Եվրոպայի և ԵՄ միջին ցուցանիշների համեմատ:

Հայաստանում պանիրն ավանդական դեր ունի սննդի սպառման մեջ: Սպառվող պանրի գերիշխող տեսակներն են լոռին (շուրջ 60%) և չանախը (շուրջ 30%), իսկ տեղական արտադրության և ներմուծված պանրի տեսակները կազմում են պանրի ընդհանուր սպառման շուրջ 10%-ը:

2013-2016թթ․-ին գրանցվել է մեկ շնչի հաշվով տարեկան սպառման 1.8% տարեկան աճ:

Գծապատկեր 4. Պանրի սպառումը Հայաստանում, մեկ շնչի հաշվով, կգ


Թեև Հայաստանում աստիճանաբար ներմուծված օտարերկյա պանրի սպառման ավելի լայն հնարավորություններ են առաջարկվում, սա դեռևս զգալիորեն չի ազդել տեղական պանրի տեսակների սպառման վրա. լոռին և չանախը անվիճելի առաջատար են՝ շուրջ 90% մասնաբաժնով:

Գծապատկեր 5 Պանրի ներմուծումը Հայաստան, տոննա


Հայաստան ներմուծվում են այնպիսի պանրի տեսակներ, որոնք հանրապետությունում չեն արտադրվում։ Հայկական պանիրների տեսականին քիչ է, հիմնականում արտադրվում են պինդ պանիրներ, մինչդեռ ամբողջ աշխարհում պանրի տեսակները հասնում են մի քանի հարյուրի: Հայաստան հիմնականում ներկրվում են տարբեր տեսակի աղանդերային, հոլանդական, շվեյցարական պանիրներ, ինչպես օրինակ «Ռոքֆոր» պանրի տարբեր տեսակներ։

2017 թվականին Հայաստան է ներմուծվել 1,270 տոննա պանիր, որի 30%-ը Ռուսաստանից։ Հաջորդ խոշոր երկու ներմուծող երկրներն են Նոր Զելանդիան և Գերմանիան։

Մյուս կողմից, սպառողների շրջանում պանրի համաշխարհային միտումների վերաբերյալ ավելի շատ տեղեկացվածությունը (պայմանավորված արտերկիր այցելությունների աճով) որոշակի ազեդցություն է ունեցել տեղական արտադրության պանրի բաղադրության և շուկայում դիրքավորման վրա: Օրինակ՝ ներկայումս շատ սպառողներ նախընտրում են համեմատաբար ավելի քիչ աղ պարունակող պանիր (ըստ CARD-ի դիտարկման՝ լոռի պանրի աղայնության մակարդակը նախկինում միջինում 5% էր, մինչդեռ ներկայումս այդ ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է:

Արտահանում

Վերջին տարիներին գրեթե բոլոր բարձրարժեք պանիր արտադրողներն արտահանում են իրենց արտադրանքը հիմնականում դեպի ռուսաստանյան շուկա, փոքր ծավալներով նաև՝ Վրաստան, Ղազախստան և ԱՄՆ։ Սակայն ըստ բարձրարժեք պանիր արտադրողների, հիմնական և միակ արտահանման գրավիչ ուղղությունը մնում է Ռուսաստանը։ 2017 թվականին ընդհանուր առմամբ արտահանվել է 8,200 տոննա պանիր, որի 99.2% -ը՝ Ռուսաստան։

Գծապատկեր 6․ Պանրի արտահանում, տոննա


Արտադրանքի բարձր որակը և մարքեթինգի ճիշտ ռազմավարությունը հնարավորություն կտան, որպեսզի հայկական արտադրանքը ներթափանցի ԱՊՀ այլ երկրներ և Իրան։

Արտահանման համար կարևոր նախապայմաններ են․

· Բարձրորակ արտադրանք՝ համապատասխան փաթեթավորմամբ,

· Մրցակցային գներ՝ ի համեմատ տվյալ երկիր ներմուծվող այլ արտադրողների,

· Պահպանության երկար ժամկետ,

· Տվյալ արտահանման երկրի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ու հավաստագրերի համապատասխանություն

Ընդհանուր առմամբ, ինչպես նշված է Համաշխարհային բանկի «Երկրի տնտեսական զարգացումների ամփոփում, ամառ 2018» զեկույցում, հայաստանյան պանիր արտադրողները հիմնականում դժվարությունների չեն հանդիպում իրենց արտադրանքը ռուսաստանյան շուկա արտահանելիս։ Արտահանման և փաստաթղթավորման գործընթացներն արտահանողների կողմից համարվում են հեշտ և հասանելի։

Պանրի գին

Պանրի գինը նշանակալիորեն փոխկապակցված է կաթի գնին, քանի որ պանրի արտադրության ինքնարժեքի մեջ կաթը հիմնական մասնաբաժին ունի:

Շուկայում պանրի գինը սահմանվում է գլխավորապես խոշոր արտադրողների կողմից, մինչդեռ մյուս արտադրողները հետևում են սահմանված գներին (ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ՀՀ ՏՄՊՊՀ դիտարկում):

Ընդհանուր առմամբ, պայմանավորված կաթի սակավությամբ և պիկ շրջանից դուրս (հոկտեմբեր-մարտ) կաթի բարձր գներով՝ պանիր արտադրողների իրացման և մանրածախ գները այդ ժամանակահատվածում աճելու միտում ունեն:

Գծապատկեր 6. Պանրի իրացման (արտադրողների կողմից) և մանրածախ միջին գները Հայաստանում, ՀՀ դրամ/կգ


Ներդրումային հնարավորություններ

Առկա են բազմաթիվ հնարավորություններ ինչպես տեղի շուկայում (ինչպես օրինակ՝ սպառողների և մատակարարների կողմից մեծ պահանջարկ արտադրանքի նկատմամբ), այնպես էլ արտահանման հնարավորություններ դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Միջին Արևելք, մասնավորապես՝ Միացյալ Արաբական Էմիրություններ։

Որպեսզի հնարավորություն ունենան մուտք գործել վերոնշյալ շուկաներ, արտադրողները պետք է ունենան շուկայի արդյունավետ ռազմավարություններ, տեղական շուկայի վերաբերյալ գիտելիքներ և գործնական կապեր արտաքին գործընկերների հետ։




Փոքրամասշտաբ պանրի արտադրության գործարար ուղեցույց

Սույն տիպային բիզնեսի նկարագրությունը նպատակ ունի ծառայելու որպես օրինակ/ուղեցույց գյուղական համայնքներում պանրագործական արտադրամաս հիմնել ցանկացող ձեռներեցների համար:

Այն հնարավորություն կտա սկսնակ գործարարին հասկանալ պանրի արտադրության հիմնական քայլերը, հիմնադրման և գործարկման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կարիքը, իրացման հնարավոր ուղիները և գնային հնարավոր քաղաքականությունը։

Ուղեցույցում ներկայացված բիզնես մոդելը կառուցված է փոքրամասշտաբ արտադրության օրինակով և որպես հիմք վերցված է «Լոռի» և «Չանախ» պանրատեսակի արտադրությունը, որը ներկայումս շուկայում ամենատարածված արտադրանքն է։

Մոդելը ենթադրում է հիմնադրման ծախսերի ֆինանսավորման նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցման մեխանիզմների օգտագործման հնարավորություն:

Հարկ է նշել, որ ուղեցույցում բերված է տիպային օրինակ. յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար այն պետք է համապատասխանեցվի դրա առանձնահատկություններին։ Ուղեցույցին կից ներկայացվում է նաև տիպային պանրի արտադրության ֆինանսական մոդել MS Excel ֆորմատով, որի օգնությամբ սկսնակ գործարարը մի քանի հիմնական պարամետրերի փոփոխությամբ կարող է կատարել սեփական բիզնես ծրագրի ֆինանսական հաշվարկները։

Սույն ուղեցույցը մշակվել է ԱՄՆՄԶԳ-ի ֆինանսավորմամբ համատեղ իրականացվող «Գործընկերություն՝ հանունգյուղականհամայնքների բարգավաճման” (PRP)ծրագրի շրջանակում «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից։

Հիմնադրման ծախսեր և ֆինանսավորում

Իրականացվելու է պանրի արտադրության ամբողջական գործընթացը՝ կաթի մշակում, պանրի արտադրություն և հասունացում։ Արտադրված պանիրը ՀՀ-ում վաճառելու համար պետք է պահպանվեն «Կաթին,կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2006թ․դեկտեմբերի 21-ին ընդունված ՀՀ կառավարության 1925-Ն պահանջներին:

Հիմնադրման ծախսեր

Անհատ ձեռներեց գրանցելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 12,000 դրամ գրանցման պետական տուրքի և նույնականացման քարտ ու սարք ձեռք բերելու նպատակով։

ՍՊԸ գրանցելու ընդհանուր գումարը կազմում է 33,000-38,000 դրամ՝ ներառյալ կնիքի ձեռքբերման ծախսը։

Ծախսերի մանրամասները, ինչպես նաև գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված են գործարար ուղեցույցում և Գրանցիր քո բիզնեսը բաժնում։

Կապիտալ ծախսեր

Այս բիզնես մոդելում ենթադրվում է, որ ձեռներեցն ունի համապատասխան արտադրական տարածք, և որպես կապիտալ ծախս հաշվարկվել է միայն վերանորոգման և արտադրական սարքավորումների ձեռքբերման ծախսերը։

Շենքի վերանորոգման ծախսը հաշվարկվել է մոտ 2.1մլն դրամ և արտադրական սարքավորումների ձեռքբերման ծախսը՝ 16.4մլն դրամ։

Աղյուսակ 1. Փոքրամաշտաբ պանրի արտադրության համար անհրաժեշտ արտադրական տարածքի և սարքավորումների ցանկ


Ներդրումային ծախսերի ամբողջական ցուցակը ներկայացված է գործարար ուղեցույցում։

Մաշվածք

Արտադրության համար օգտագործվող շենքը և սարքավորումները մաշվածության արդյունքում ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը: Այս հանգամանքը պետք է արտացոլվի ընկերության ֆինանսական հաշվետվություններում՝ բիզնեսի իրական եկամտաբերությունը ցուցադրելու համար:

Գոյություն ունեն մաշվածքի հաշվարկման տարբեր մոտեցումներ: Դրանցից ամենատարածվածը մաշվածքի հավասարաչափ բաշխվածության մեթոդն է: Նշված մեթոդի կիրառության պարագայում հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը կհաշվարկվի հետևյալ բանաձևով.

ՀՄ հաշվեկշռային արժեք = ՀՄ նախորդ տարվա հաշվեկշռային արժեք –

– (ՀՄ սկզբնական արժեք X տարեկան մաշվածքի տոկոսադրույք)

Կիրառված մաշվածքի հավասարաչափ բաշխվածության մեթոդի դեպքում մաշվածքի տարեկան տոկոսադրույքը պայմանավորված է հիմնական միջոցի օգտագործման ժամկետով և հաշվվում է հետևյալ բանաձևով՝

Տարեկան մաշվածքի տոկոսադրույք = 100% ÷ (օգտագործման տարիների թիվ)

Համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի («Շահութահարկի մասին» ՀՀ օրենք, ընդունված 1997թ.-ի սեպտեմբերի 30-ին) արտադրական նպատակով օգտագործվող շենքերի և շինությունների օգտագործման նվազագույն ժամկետը 20 տարի է, սարքավորումներինը՝ 5 տարի: Սույն տիպային մոդելի դեպքում շենքի և սարքավորումների օգտագործման տարիների թիվը սահմանվել է որպես 20 տարի և 10 տարի համապատասխանաբար, հետևաբար, մաշվածքի տարեկան տոկոսադրույքը հավասար է 5% և 10%:

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ տարեկան մաշվածքը համարվում է ընթացիկ ժամանակաշրջանի ծախս և հանվում տարեկան հասույթից՝ նվազեցնելով զուտ շահույթը:

Շրջանառու միջոցներ

Հաշվի առնելով, որ չհասունացած պանիրը ու պատրաստի արտադրանքը որոշ ժամանակ պահվում են պահեստում, իսկ վաճառքից հետո փաստացի դրամական հոսքերը կարող են հետաձգվել որոշակի ժամկետով, արտադրողը պետք է նախատեսի միջոցներ, որոնք, բնեղեն պանրի տեսքով արտահայտված անընդհատ կշրջանառվեն՝ ապահովելով բիզնեսի բնականոն գործունեությունը:

Այլ կերպ ասած՝ շրջանառու միջոցը դեռևս փաստացի դրամական ներհոսք չապահոված պանրի արտադրության (կաթի, էներգիայի, աշխատուժի և այլն) մեջ ներդրված գումարն է, ինչպես նաև վաճառված, սակայն դրա դիմաց վճարում չստացած արտադրանքի ինքնարժեքը:

Շրջանառու միջոցների հաշվարկն ամբողջությամբ ներկայացված է գործարար ուղեցույցում։

Ֆինանսավորում

Որպես ֆինանսավորման աղբյուր են դիտարկվում ձեռներեցի սեփական միջոցները և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող աջակցման մեխանիզմների օգտագործման հնարավորությունը։

Բիզնեսի համար կարող է հասանելի լինել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող 5 մլն ՀՀ դրամի վարկը: Վարկը տրամադրվում է առանց գրավի, 5 տարի մարման ժամկետով և 10% մնացորդի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույքով: Գործում է նաև վարկի մարման արտոնյալ ժամանակահատված. մարման վճարումները հնարավոր է սկսել վարկի տրամադրումից ամենաուշը 6 ամիս հետո:

Բիզնեսի ֆինանսավորման կառուցվածքն ամբողջությամբ բերված է գործարար ուղեցույցում:

Պանրի ինքնարժեքի հաշվարկ

Ենթադրվում է, որ բիզնեսը չունի կաթի սեփական արտադրություն և հումքը ձեռք է բերում ֆերմերային տնտեսություններից։

Պանրի ինքնարժեքի մոտ 83%-ը կազմում է հումքի ձեռքբերման ծախսը: Հետևաբար, կաթի գների տատանումները էապես ազդում են վերջնական ապրանքի ինքնարժեքի վրա բարձրացնելով բիզնեսի ռիսկայնությունը:

Մթերվող կաթի և պատրաստի արտադրանքի գինն ամենաէական ազդեցությունն ունեն ձեռնարկության շահութաբերության համար: Ինքնարժեքի հաշվարկում հումքից հետո ամենամեծ կշիռն ունի աշխատուժի ծախսը:

Սույն մոդելը ենթադրում է, որ արտադրությունը հիմնվելու է պանրագործի կողմից, որն էլ իրականցնելու է բիզնեսի կառավարումը: Վաճառքների գծով աշխատակազմ նախատեսված չէ, քանի որ ենթադրվում է, որ ամբողջ ապրանքը վաճառվելու է մեծածախ գնորդին: Ենթադրվում է, որ հաշվապահությունն արտապատվիրվելու է։ Արտադրական բանվորների պարտականությունների մեջ է մտնելու արտադրության պատշաճ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը:

1 կգ պանրի հաշվով ծախսերի կառուցվածքը, ինչպես նաև արտադրությունը կազմակերպելու համար անհրաժեշտ հաստիքների ցանկն ու համապատասխան աշխատավարձերը ներկայացված են գործարար ուղեցույցում։

Հարկեր և արտադրության հավաստագրման ծախսեր

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք: Ընդունված 2018թ-ի հունվարի 7-ին) արտադրական գործունեությունից եկամուտները հարկվում են 3.5% դրույքաչափով այն դեպքում, երբ նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 58․35 մլն դրամը:Հետևաբար, տվյալ տիպային մոդելի շրջանակում կիրառվում է շրջանառության հարկ, որը կազմում է իրացումից հասույթի 3.5%:

Եկամտային հարկի հաշվառման ամսական դրույքաչափերը ներկայացված են գործարար ուղեցույցում։

Արտադրանքը շուկա հանելու համար անհրաժեշտ է, որ արտադրանքը բավարարի սահմանված որակական նորմերին: Արտադրանքի համապատասխանության հավաստումը պարտադիր է և կարող է կատարվել համապատասխանության հայտարարագրի վավերացման կամ սերտիֆիկացման ձևով: Համապատասխանության հայտարարագրի վավերացում և սերտիֆիկացում իրականացնում են սերտիֆիկացման մարմինները: Նման կազմակերպություն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության տակ գտնվող «Ստանդարտների ազգային ինստիտուտը» ՓԲԸ-ն (http://www.sarm.am):

Համապատասխանության հայտարարագրի վավերացման համար արտադրողը պետք է իր արտադրանքը հանձնի հավատարմագրված փորձագիտական լաբորատոր ստուգման և վերջինիս արդյունքները ներկայացնի սերտիֆիկացման մարմին հաստատման: Արտադրանքի սերտիֆիկատ ստանալու դեպքում լիազոր մարմինն ինքն է կատարում նմուշառումը և անցկացնում անհրաժեշտ լաբորատոր ստուգումները: Երկու դեպքում էլ արտադրողը պետք է կատարի համապատասխան վճարումներ, որոնք կախված են արտադրվող ապրանքատեսակներից, արտադրության ծավալից և այլ գործոններից: Տարեկան մինչև 30 տոննա լոռի տեսակի պանիր հայաստանյան շուկայում իրացնելու համար սերտիֆիկացման (հավաստման հայտարարագրի) գծով ծախսը կկազմի մինչև 80,000 ՀՀ դրամ:

Բրենդինգ, առաջմղում և վաճառք

Ապրանքի վաճառքը/մարքեթինգը ներառում է 4 հիմնական բաղադրիչի վերաբերյալ որոշումների համադրություն: Անհրաժեշտ է համակարգված որոշումներ կայացնել արտադրվող ապրանքի, դրա գնի, վաճառքի վայրի և առաջմղման միջոցների վերաբերյալ: Յուրաքանչյուր բաղադրիչին վերաբերող գործողությունները փոխկապակցված են և պետք է համահունչ լինեն մյուս բաղադրիչների գծով գործողություններին: Օրինակ՝ յուրատեսակ/բարձրարժեք պանիր արտադրելու դեպքում օգտակար կլինի որպես վաճառքի վայր ընտրել սուպերմարկետը, բրենդավորել ապրանքը և առաջադրել համեմատաբար բարձր գին: Յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում համակարգված մոտեցում պահանջող հիմնական կետերը ներկայացված են ստորև․

Աղյուսակ 2. Մարքեթինգային քաղաքականություն


Մասշտաբի սահմանափակումների և պանրի տարածված տեսակի (լոռի) արտադրության դեպքում անհատ արտադրողներն իրենց սեփական բրենդը մշակելու սահմանափակ կարողություն ունեն: Բարդ գրաֆիկական դիզայնով և մշակման զգալի ծախսեր պահանջող բրենդի փոխարեն ապրանքը սպառողի համար ճանաչելի կարող է դարձնել ընկերության անվանումը ներառող մակնշումը: Նման պիտակավորումը ապրանքը ճանաչելի է դարձնում, հնարավորություն բացելով ձևավորել հավատարիմ սպառողների խումբ:

Համաձայն «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման («Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում, ընդունված 2006թ.-ի դեկտեմբերի 21-ին) հավելվածի կաթի և կաթնամթերքի մակնշումը պետք է ներառի․

ա) կաթի և կաթնամթերքի անվանումները,

բ) ջերմամշակման եղանակը,

գ) յուղի զանգվածային մասը՝ տոկոսներով,

դ) տեսակը (առկայության դեպքում),

ե) արտադրող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,

զ) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում),

է) զտաքաշը կամ մթերքի ծավալը,

ը) մթերքի բաղադրությունը,

թ) սննդային և էներգետիկ արժեքը,

ժ) պահպանման պայմանները,

ի) պատրաստման և փաթեթավորման թվականը (օր/ամիս/տարի),

լ) պիտանելիության ժամկետը։

Առաջմղման մեկ այլ մեթոդ է փաթեթավորման օգտագործումը: Փաթեթավորումը սպառողին հուշում է արտադրանքի սանիտարահիգիենիկ հատկանիշների մասին և նպաստում պահանջարկի ավելացմանը: Կարելի է օգտագործել վակումային կամ պանրի համար նախատեսված այլ փաթեթավորման տարբերակներ:

Ապրանքի առաջմղման նպատակով օգտագործվող համեմատաբար մատչելի մեթոդներից են՝ համտեսների կազմակերպումը, գովազդը ինտերնետային սոցիալական ցանցերում, մասնակցությունը շնորհանդեսներին:

Հայաստանյան շուկան բաղկացած է 2 հիմնական սեգմենտներից: Առաջին՝ բարձր կարգի, սեգմենտը ներառում է ճանաչված բրենդի պանիրները (Աշտարակ Կաթ, Կալինինո, Դուստր Մարիանա): Այս սեգմենտում տեղ են գտնում բարձր որակի, սերտիֆիկացված, սանիտարահիգիենիկ նորմերով պատրաստված, փաթեթավորված, համեմատաբար բարձր գին ունեցող պանիրները: Վաճառքներն իրականացվում են հիմնականում ցանցային և ոչ ցանցային խանութներում:

Երկրորդ՝ ցածր կարգի, սեգմենտը բաղկացած է առանց փաթեթավորման և մակնշման վաճառվող պանիրներից: Հիմնական արտադրողները գրանցված իրավաբանական անձինք չեն: Արտադրության սանիտարահիգիենիկ պայմանները հազվադեպ են ամբողջովին պահպանվում, բացակայում է նաև օրենքով սահմանված սերտիֆիկացումը: Հիմնական իրացման ուղիներն ոչ ցանցային խանութները, մեծածախ առևտրի կենտրոնները և ռեստորանները/հյուրանոցները:

Ելնելով շուկայի վերը նշված սեգմենտացիայից՝ արտադրված պանրի մրցակցային դիրքը ապահովելու համար նպատակահարմար է՝

· Ապահովել արտադրության սանիտարահիգիենիկ պայմանները

· Ստանալ արտադրանքի հավաստման հայտարարագիր

· Փաթեթավորել և մակնշել ապրանքը

· Ձևավորել 2 խոշոր սեգմենտների համեմատ միջանկյալ դիրք զբաղեցնող գնային քաղաքականություն

Վերը նշված պայմաններն գործողությունների իրականացումը հնարավորություն կտա արտադրանքը դիրքավորել բարձր և ցածր կարգի սեգմենտների միջև՝ ստանալով գնային առավելություն առաջինի և որակի առավելություն երկրորդի նկատմամբ:

Իմացեք ավելին վաճառքների խթանման և մարքեթինգի վերաբերյալ Վաճաքներ և մարքեթինգ բաժնում։

Ֆինանսական արդյունքների վերլուծություն

Ֆինանսական արդյունքների կարևոր ցուցանիշներն են գործառնական և զուտ շահույթի նորմաները։

Գործառնական շահույթը ցույց է տալիս ապրանքի վաճառքից հասույթի և դրա արտադրության ծախսերի տարբերությունը: Գործառնական շահույթը հաշվվում է հետևյալ բանաձևով՝

Գործառնական շահույթ = Վաճառքներից հասույթ – արտադրանքի ինքնարժեք – գործառնական ծախսեր (տրանսպորտային, ադմինիստրատիվ, մարքեթինգային)

Գործառնական շահույթի մարժան ցույց է տալիս գործառնական շահույթի հարաբերությունը վաճառքներից հասույթին:

Զուտ շահույթը, որը ինքնարժեքից և արտադրական ծախսերից բացի հաշվի է առնում նաև մաշվածքը, վարկի մարումները և հարկերը:

Աղյուսակ 3. Փոքրամաշտաբ պանրի արտադրության տիպային օրինակի վրա գնահատված

հիմնական ցուցանիշները


Ծրագրի առաջին հինգ տարիների ընթացքում, երբ ձեռնարկությունը կմարի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրված երկարաժամկետ վարկը, ձեռներեցը կկարողանա ապահովել տարեկան շուրջ 8-8.5մլն. ՀՀ դրամի կանխիկ ներհոսք, իսկ վարկի մարումից հետո ակնկալվող տարեկան կանխիկ ներհոսքը գնահատվում է շուրջ 9.5 մլն ՀՀ դրամ:

Նկատի ունենալով վերոնշյալը՝ ձեռներեցի կողմից ներդրված 16.5 մլն դրամը կվերադարձվի մոտ 3 տարվա ընթացքում:

Ֆինանսական հաշվետվություններն ամբողջությամբ ներկայացված են գործարար ուղեցույցում։


Պանրի արտադրական տեխնոլոգիա

1․ Պանրի արտադրությունը ֆերմերային տնտեսություններում, տեխնոլոգիական ուղեցույց

2․ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ օրենսդրությամբ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմեր և կանոններ, տնտեսվարողի ուղեցույց(http://snund.am/wp-content/uploads/2018/07/tntes_ughecuyc.pdf)


Ուսուցողական նյութեր

1․ Պատշաճ արտադրական գործելակերպ և հիգիենա, վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր, համառոտ ուղեցույց

2․Հաճախորդների սպասարկում և հաղորդակցության հմտություններ PowerPoint ներկայացում

Հաջողության պատմություններ

Պանրի արտադրության Բարելավում Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում

Խնձորեսկի պանիր արտադրողները բարելավելեն իրենց արտադրանք իորակը, ավելացրել վաճառքի ծավալները և շահույթը՝ իրենց տարածքային ապրանքանիշի իմիջի բարելավման շնորհիվ։

(1) Ընդհանուր տեղեկություն և գործողություններ

Գյուղի բնակչությունը մոտ 2,000 է։ Ունի 516 տնային․..

Օգտակար հղումներ

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) - http://card.am

Եվրոպական հարևանության ծրագիր գյուղատնտեսության և գյուղական զարգացման համար (ENPARD) - https://www.facebook.com/ENPARDArmenia/

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (OASI) - https://www.facebook.com/pg/oasiarmenia/

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ - https://www.facebook.com/Գյուղատնտեսության-Զարգացման-Հիմնադրամ-502240783494478/ , http://agroecoarm.com

Էկոգլոբ Օրգանական սերտիֆիկացման մարմին - http://ecoglobe.com/

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն - http://snund.am

ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն - http://minagro.am/