Գինեգործության ոլորտի հարցերը քննարկվեցին Արցախում
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանին, Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ ...
Գինեգործության ոլորտի հարցերը քննարկվեցին Արցախում
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանին, Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանին ու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանին:
 
«Արցախի Խաղողագործների և գինեգործների միության հետ  երկար էինք սպասում այս հանդիպմանը: Տեղյակ ենք, որ ձեր կազմակերպությունների միջոցով մի շարք միջոցառումներ են իրականացվել ու իրականացվում գինեգործության զարգացման համար: Գինեգործությունը ոչ միայն կոնկրետ ապրանքատեսակի զարգացում, այլև յուրահատուկ մշակույթ է: Վերջին շրջանում Արցախում ևս զարգանում է ոլորտը` մեկ տասնյակից ավելի գինեգործարաններին ավելացել են տնային պայմաններում գինի արտադրողները: ԱՀ Նախագահի և Կառավարության ուշադրության կենտրոնում է գինեգործության ոլորտը` սկսած այգեգործությունից, մինչև արտադրություն և վաճառք: Արդեն քայլեր ենք ձեռնարկում ՀՀ-ի հետ առարկայական միջոցառումներ, ծրագրեր իրականացնելու համար»,-ասել է Լևոն Գրիգորյան: 
 
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է կրթական ծրագրերի դերը այս ոլորտում: «2014թ. Հայաստանում  գործում է Ի-Վի-Էն գինու ակադեմիան: Ակադեմիան հնարավորություն է տալիս ուսանողներին փորձուսուցում անցնել արտերկրում` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա: Մենք պատրաստ ենք աջակցել նաև Արցախի մասնագետներին` ծրագրի շրջանակներում ուղղարկել արտասահման վերապատրաստվելու: Սա լավագույն միջոցն է ժամանակին համընթաց քայլելու և երկրում լավ մասնագետներ ունենալու համար»,- նշել է Մուրադյանը: 
 
Ռուսաստանի Սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանն էլ կարևորել է տարածաշրջանում հայկական գինու ճանաչելիության հարցը.«Հայկական գինին շատ ավելի ընդունված ու գնահատված է, քան հարևան պետություններինը: Սակայն մարքետինգի խնդիր կա: Պետք է աշխատել հայկական գինին որպես բրենդ ներկայացնելու վրա: Ոլորտի փորձը ցույց է տալիս, որ արտերկիր արտահանող գինին պետք է լավագույն որակի լինի, հայկական գինին էժանագին լինել չի կարող: Հայաստանը գովազդի խնդիր ունի: Հայերը չեն կարող վատ գինի արտադրել, որովհետև մենք պատվախնդիր ազգ ենք»,- վստահություն է հայտնել Սարգսյանը: 
 
Հայաստանյան գործընկերների հետ քննարկվել են նաև  հետագա համագործակցության, արցախյան գինու արտահանման, խոշոր շուկաներում ճանաչելիության և հայկական գինու հանրայնացման հետ հետ կապված այլ հարցեր: Հանդիպմանը ներկա էր Արցախի խաղողագործների և գինեգործների միության նախագահ, արցախյան «Կատարո» գինի արտադրող Գրիգորի Ավետիսյանը:  
 
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կայք: