Սիսիան քաղաքում ԵՄ աջակցությամբ...
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:    Ծրագրի մասնակից 12 գործարարներ բարելավել են իրենց ձեռնարկատիրական ...
Սիսիան քաղաքում ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հաջող սկիզբ» ծրագրի շրջանակներում սկսնակները ներկայացրեցին 9 գործարար ծրագիր
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 
 
Ծրագրի մասնակից 12 գործարարներ բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք բերել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Մասնակիցներից 9-ը ներկայացրել է գործարար ծրագիր հյուրատնային գործունեության, խմորեղենի արտադրության, մեղրի արտադրության, բնական և զովացուցիչ ըմպելիքների արտադրության և ջերմոցային տնտեսության ոլորտներում: Սկսնակների համար դասընթացը վարել են «Բի Էս Սի Բիզնեսի աջակցման կենտրոն» ընկերության դասընթացավարները:
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության: Ֆինանսական  աջակցությունը կարող է լինել վարկի և դրամաշնորհի տրամադրման տեսքով: Վարկի պայմաններն են՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով:  Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակները ստանում են անվճար ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: 
 
Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցության «Հաջող սկիզբ» ծրագիրը իրականացվել է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակում: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում։ Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը։ Կոնսորցիումին մասնակցում են ևս չորս տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։