Վանաձոր քաղաքում ԵՄ ֆինանսավորմամբ...
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագիրը իրականացվել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ...
Վանաձոր քաղաքում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրեցին 13 նոր գործարար ծրագիր
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: Ծրագիրը իրականացվել է «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում: 
 
Ծրագրի մասնակից 15 գործարար բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ձեռք բերել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: Մասնակիցներից 13-ը ներկայացրել է գործարար ծրագրեր խմորեղենի արտադրության, էքստրեմալ տուրիզմի, հյուրատնային գործունեության, կիսաֆաբրիկատների, հացաբուլկեղենի արտադրության և մեղվաբուծության ոլորտներում: Սկսնակների համար դասընթացը վարել են «Դավոյան» ընկերության դասընթացավարները:
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության: Ֆինանսական  աջակցությունը կարող է լինել վարկի և դրամաշնորհի տեսքով: Վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն ՀՀ դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև մինչև 2 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհի:  Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակը ստանում են ուղղորդում՝ իրենց բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը։ Ծրագրի իրականացման գործընկերներն են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ-ն, «Սյուն» ՀԿ-ն։