հայ
Ներդրումների Աջակցման Կենտրոնում գործող զանգերի կենտրոնը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում տնտեսավարողներից՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման վերաբերյալ: Ներկայացնում ենք առավել հաճախ տրվող 10 հարցերը և դրանց պատասխանները:

1. Որո՞նք են Երրորդ միջոցառման շահառու հանդիսացող գործունեության ոլորտները և ինչպե՞ս է որոշվում տնտեսավարողների համապատասխանությունը տվյալ պահանջին։

Երրորդ միջոցառման շահառու հանդիսացող գործունեության ոլորտներներն են․

  • մշակող արդյունաբերություն,
  • կացության և հանրային սննդի կազմակերպում,
  • փոխադրումներ և պահեստային տնտեսություն,
  • զբոսաշրջային ծառայություններ,
  • սպասարկման այլ ծառայություններ,
  • առողջապահություն,
  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),
  • շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.

Երրորդ միջոցառման շահառու հանդիսացող գործունեության ոլորտները որոշվում են համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» N874-Ն հրամանի հավելվածով սահմանված դասակարգիչների:

2. Ի՞նչպես են որոշվում տնտեսավարողների բարվոք հարկային և վարկային պատմություն ունենալու պահանջին համապատասխանությունը։

  • Տնտեսավարողը պետք է ուենա բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չունենա գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
  • Տնտեսավարողը պետք է ուենա բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

3. Կառավարության 26․03․2020թ․ N 357 որոշման փոփոխություններ:

3. Կառավարության 26․03․2020թ․ N 357 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում մեղմմացվել է հարկային բարվոք պատմություն ունենալու պահանջը։ Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել նոր հայտ՝ կատարված փոփոխություններին համապատասխանությունը ստուգելու նպատակով։


  • Յուրաքանչյուր փոփոխությունից հետո ՆԱԿ-ի կողմից վերանայվում են Երրորդ միջոցառմանը մասնակցելու համար արդեն իսկ ներկայացված բոլոր հայտերը և փոփոխություններով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում բոլորը բավարարվում են։

4. Ի՞նչ նպատակներով կարող են օգտագործվել օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները և հնարավո՞ր է արդյոք միաժամանակ օգտվել մի քանի ուղղություններից։

Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները տնտեսավարողների կողմից կարող են օգտագործվել միայն հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով․

  • աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 300 հազ դրամ գումարի չափով՝ առավելագույնը 6 ամսվա համար.
  • պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր)՝ առավելագույնը 6 ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների.
  • հումքի (բացառությամբ վառելանյութի) գնում կամ ներմուծում՝ պայմանով, որ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը և հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, կամ հաշվարկային փաստաթղթերը տրվել են փետրվարի 1-ից հետո և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում՝ տվյալ տնտեսավարողի արտադրական, ծառայությունը մատուցելու և սպասարկումը կազմակերպելու նպատակներով։ Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ներդրումների աջակցման կենտրոնը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի)
  • հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում)` առավելագույնը 6 ամսվա համար, բացառությամբ՝ կանխավճարների և գերավճարների.
  • տնտեսավարողի կողմից արտադրական կամ ծառայությունների մատուցման նպատակով անշարժ գույքի և հողամասի վարձակալական վճարներ, եթե տնտեսավարողն ունի փետրվար 1-ի դրությամբ գործող պայմանագիր։ Ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով:

5. Ինչքա՞ն է կազմում մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը։

  • Մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը 50 մլն ՀՀ դրամ է, բայց ոչ ավել, քան տնտեսվարող սուբյեկտի 2019 թ․ շրջանառության10%-ը։

6. Որտե՞ղ է պետք մուտք գործել Երրորդ միջոցառման հայտը լրացնելու համար։

Երրորդ միջոցառման հայտը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ GOOGLE համակարգում գրանցված էլեկտրոնային փոստի հասցե, այնուհետև այցելելով հետևյալ հղումով և լրացնել հարցաթերթը` Google form

  • Հարցաթերթը լրացնելուց հետո համակարգչի էկրանին հայտնվում է հայտը բարեհաջող լրացնելու մասին հաղորդագրություն,
  • Միևնույն էլեկտրոնային հասցեն կարող է օգտագործվել միայն մեկ հայտ լրացնելու նպատակով։


7. Ի՞նչպես պետք է ուղղել սխալ կամ թերի է լրացվել հայտը, եթե նույն էլեկտրոնային փոստի հասցեն օգտագործելիս մեկ հայտից ավել հնարավոր չէ լրացնել։

  • Հայտում ցանկացած փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել GOOGLE համակարգ նույն էլեկտրոնային փոստի հասցեով, որն օգտագործվել է հայտը լրացնելիս։ Այցելելով նույն հղումով՝ հնարավորություն է ընձեռնվում կատարել փոփոխություններ։ Ցանկացած դժվարություն առաջանալու դեպքում հնարավոր է կապվել 8-105 կարճ հեռախոսազանգով և մասնագետները կառաջարկեն հայտերում փոփոխություններ կատարելու այլընտրանքային լուծումներ։

8. Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ լրացնել հղումի մեջ նշված երկրորդ դիմումը։

  • Եթե տնտեսավարողի գործունեությունը չի համապատասխանում Երրորդ միջոցառման շահառու հանիսացող ոլորտներից որևէ մեկին պահանջին, տվյալ տնտեսավարողի դեպքում Երրորդ օժանդակության գործիքը կիրառելի չէ։ Այնուամենայնիվ, առաջարկվում է լրացնել երկրորդ դիմումը՝ լրացված տվյալների հիման վրա առաջիկայում համապատասխան միջոցառում մշակելու համար:

9. Ինչպե՞ս տեղեկանալ լրացված հայտի կարգավիճակի մասին։

  • Հայտը լրացնելուց հետո մի քանի աշխատանքային օրվա ընթացում ստուգվում է հարցի համապատասխանությունը Կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։ Հայտի մերժման և հաստատման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է էլեկտրոնային փոստով, առանձին դեպքերում նաև՝ հեռախոսազանգով։
  • Հայտը բավարարվելու դեպքում, անհրաժեշտ փաստաթղթավորման գործընթացները ավարտելուց հետո, տնտեսավարողի կողմից նախապես ընտրված նախընտրելի գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ կնքվում է վարկային պայմանագիր։

10. Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ օգտվել և՛ 1-ին, և՛ 3-րդ միջոցառումներից։

  • 1-ին և 3-րդ միջոցառումներից միաժամանակ օգտվել հնարավոր չէ։ 
  • Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման տնտեսական միջոցառումներին, դիմելու պայմաններին, կարգերին և այլ մանրամասներին տնտեսավարողները կարող են ծանոթանալ՝ զանգահարելով 8-105 կարճ հեռախոսահամարով։